Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տղե՛րք, «Անասնաֆերման» ուշադի՞ր եք կարդացել

Տղե՛րք, «Անասնաֆերման» ուշադի՞ր եք կարդացել
11.01.2019 | 04:03

Ես մամուլի մի շարք էջեր եմ նվիրել Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի անբարվոք վիճակին: Ինչ խոսք, գուցե թերթի այս տարվա առաջին համարում չանդրադառնայի էլ դրան, եթե Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 29-ին, ՀՀ մի շարք հպարտ ու, վստահ եմ, դուխով, քաղաքացիների հետ չարգելափակվեի Երևանի Կենտրոնական ավտոկայարանում:
Այդ օրը Նորատուս համայնքի բնակիչները փակել էին Գավառ-Երևան ավտոճանապարհը, պատճառն այն էր, որ ՍԱՊ-ը արգելել էր Սևանա լճից ձուկ որսալ: Ի՞նչ խոսք, ձուկը` ձուկ, բնությունը` բնություն, բայց մարդկանց անօրինական պահանջը բարոյական տեսանկյունից միանգամայն իրավացի էր. սնվելու համար գումար պե՞տք է, թե՞ ոչ, Սևանը միակ տարբերակն է Գեղարքունիքի մարզում: Ինչևէ, անդրադառնանք բուն թեմային: Ճանապարհի արգելափակման պատճառով սպասարկող երթուղին չէր աշխատում: Թե այդ ընթացքում ինչով էր զբաղված տրանսպորտի նախարարությունը, հայտնի չէ, միայն կարող եմ ասել, որ մարդիկ տուն հասնելու համար ստիպված էին եռակի, քառակի, անգամ հնգակի վճարել տաքսիներին: Եղան դեպքեր, երբ մարդիկ ստիպված տաքսիներին վճարում էին քսան-քսանհինգ հազար դրամ: Ահա «Նոր Հայաստանի» ողջ պերճանքն ու թշվառությունը: Մարդիկ արգելափակվել են, Ամանորի նախօրեին մնացել դրսում, բայց գործելու փոխարեն` ձայն բարբառոյ յանապատի. այն դեպքում, երբ, եթե Գավառ-Երևան մայրուղին փակ էր, հանգիստ գործում էր Շորժա-Վարդենիսը, այդ կողմով կարելի էր երթուղայիններ տրամադրել, բայց ինչպես նկատեցինք տեղում, «ձեռք չէր տալիս» իրենց: Իհարկե, Շորժա-Վարդենիսն էլ իր ձյունամաքրմամբ առանձնակի չէր փայլում, կասեի` տեսարանը վհատեցուցիչ էր, բայց մի կերպ կարելի էր հասնել:


Բայց սա դեռ ամենը չէ, կարելի էր դրա վրա աչք փակել, եթե տոնական օրերին Վարդենիսի ու Ճամբարակի ճանշիններն իրենց անօրինական պարապուրդով չփչացնեին մարդկանց օրինական արձակուրդները, տոնական տրամադրությունները: Կարճ կապեմ, Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի մի զգալի հատված, որը համընկնում է Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Արեգունի համայնքներին, բացարձակապես չի մաքրվել, առաջացել է մերկասառույց, տեղ-տեղ` բացահայտ վթարավտանգ, բայց աղով կամ ավազով չի մշակվել: Այսինքն` կարելի է ասել, որ հիշյալ ավտոճանապարհի վրա վերին օղակներում պետական մակարդակով թքած ունեն:


Պարոնայք պետական օղակներ, վաղը, երբ հիշյալ ժողովրդի քվեի կարիքն ունենաք, նրան հպարտ եք կոչելու, դուխով եք կոչելու, հզոր ու հաղթանակած եք կոչելու, այնինչ հիմա, երբ նա վստահում է ձեզ, այս վերաբերմունքով նվաստացնում եք նրան: Թե՞ «Անասնաֆերման» շատ ուշադիր եք կարդացել...
Սա՞ է նորը, սա՞ է փոփոխվածը, տղերք, մի ասեք նման բաներ, ծիծաղելի է, ամոթ ունեցեք ու գործ արեք, դրա համար դուք վարձատրվում եք: Ի դեպ, գիտե՞ք, որ Շորժա-Վարդենիս ճանապարհն անմիջապես հարում է հայ-ադրբեջանական սահմանին, գիտե՞ք, որ այդ ճանապարհն առաջին անհրաժեշտության է, հո միայն Երևանով չէ՞, հո միայն նախարարություններ կրճատելով չէ՞, մերժեք ձեր ներսի մերժելիքը:


Հարգանքով`
Ձեզ իշխանության բերող
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ